Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
01.05.2020 | 01:15
...Հաշվեցի՜, հաշվեցի՜ ու... հաշիվս կորցրի։ «Զանգ ընկերոջս» տարբերակով վերադարձա ելման կետ` ճիշտ եզրակացության հանգելու. ճշմարտությունը որոնել քաղաքական մեծամասնության մահճու՞մ, թե՞ դեռևս չպարզված մեր իրականությունում։ Եվ քանի դեռ ճամփաբաժանում չի դադարել հանրության տարուբերումը, յուրաքանչյուրիս ներսում տանջող-մաշողը մնալու է համբերությունը, հանդուրժողականությունը չկայացած մարդ-քաղաքացու «պատյանով» այն քայլականների նկատմամբ, որոնք անգրագետ և մանկամիտ ելույթներով շարունակում են ներխուժել կրթության, գիտության, դատական... հիմա էլ` հոգևոր ոլորտ, և այնպիսի՜ պահվածքով, ինչը հատուկ է թուրք-սելջուկներին։
Երկյուղածությունս թույլ չի տալիս անդրադառնալ Վեհափառ Հայրապետի մարդասիրական հորդորի առնչությամբ իշխանության մակարդակով խեղկատակ արձագանքներին, քանզի Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծահոգաբար անթիվ-անհամար ալենսիմոնյանների ու ստյոպասաֆարյանների նմաններից ավելիների համար է աղոթել, որ դարձի գան։ Ի վերջո, անհրաժեշտ է գիտակցել, որ «Հայաստանի ողջ պետական կառույցը պետք է մարմնավորի հայոց արժանապատվությունը»։ Եվ եթե ավելացնենք, որ «վատ աշխատողները նրանք են, ովքեր չունեն ո՛չ մարդկային, ո՛չ էլ ազգային արժանապատվություն», կարծում եմ, ամեն ինչ ասված է։
Բայց պատեհ-անպատեհ առիթը թույլ չի տալիս շրջանցել նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում վարչապետի կողմից քանիցս շրջանառության մեջ դրվող իրավական նիհիլիզմը, և իր նազիր-վեզիրներին քարոզչական կռվի մղելու փաստը` ներարկած, թե իբր դատաիրավական համակարգն արժանահավատ չէ, չի կարող վայելել ժողովրդի վստահությունը։ Կարծիք, որ իրենցն է` քայլականներինը, և, որպես այդպիսին, իրավունք ունի լինելու, բայց ոչ ճնշումներով փաթաթելու հանրության վզին, այն էլ չհիմնավորված։
...Հաշվեցի՜, հաշվեցի՜ ու... հաշիվս կորցրի։ «Զանգ ընկերոջս» տարբերակով վերադարձա ելման կետ` մեր ներսում գալարվող հարցադրումների պատասխաններն իշխանությունից ակնկալելու.
1. Որտեղի՞ց և ի՞նչ հիմնավորվածությամբ է գալիս դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը, ժողովրդի՞ց, թե՞ դատարաններում մերժված իմքայլական պաշտոնյաներից։
2. Չափման ինչպիսի՞ միավորներով և ի՞նչ գործիքակազմով է իշխանությունը «ախտորոշել» դատավորի կաշառակեր լինելը։ Եթե այդպիսիք կան և հայտնի են, ինչու՞ նրանք քրեակատարողական հիմնարկներում չեն։
3. Դատավորներին վեթինգի ենթարկելը արդյո՞ք զսպումների լավագույն ձևն է, ինչու՞ եք կարծում, որ իշխանության քաղաքական գծին ոչ համարժեք վճիռներ կայացնող դատավորների նկատմամբ ճնշումներով կամ վարույթներ սահմանելով դատավորի անկախությունը վերածելու եք կախվածության։
4. Մի՞թե ի զորու չեք հասկանալու, որ իշխանություն-արդարադատություն թնջուկում թրծվող քաղաքական էլեմենտի գործոնը կործանարար է լինելու։
5. Ովքե՞ր եք, ի՞նչ կտրիճներ եք, որ ինքներդ ձեզ իրավունք վերապահելով` Սահմանադրական դատարանի գործունեությունը համարում եք անարդյունավետ, իսկ նախագահին` ոչ լեգիտիմ` առայսօր թողնելով առկախ։
Առանց ընկերոջ զանգի, համանման հարցեր էլի առաջ եկան ու դրդեցին հիշել դատարաների վրա քսի տալը, շրջափակելը, դատավորին պատուհանից վայր գցելը... առողջ հանրության մաս չկազմողների ցաքուցրիվ գոյացումները, «հերոսացումները»... Դա ժողովրդավարություն հորջորջողների ոչ ադեկվատ քայլերից մեկն էր, ոտնձգություն` օրենքի նկատմամբ։ Մտահոգությունս բարձրացնեմ` մենք կերտում ենք իրավական պետությու՞ն, թե՞ անձնապետություն։
Ի՞նչ անուն տալ «հայկական հարց» հիշեցնող «Սահմանադրական կարգի տապալում» կլիշեավորված դատավարությանը, անկապ նիստերի առաձգականությանը։ Ով` ու՞մ և ի՞նչ չի կարողանում ապացուցել` Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ հակառակը և կամ, գուցե երկուսը` ժողովրդին, բայց անջատ ենթատեքստերով։
ՈՒ՞ր ենք գնում վարչապետական ժողովրդավարությամբ, եթե մինչև հիմա չենք գիտակցել, որ «մեր անհաջողությունները սկսվում են այնտեղ, որտեղ մենք միասին չենք, իսկ եթե ավելի ուղիղ ասեմ, ապա անհաջողություններն սկսվում են այնտեղ, որտեղ մենք աշխատում ենք միմյանց դեմ։ Ծածուկ թե բացահայտ, կարևոր չէ»։ Որտեղ եմ կարդացել այս միտքը և ո՞վ է հեղինակը, կդժվարանամ վկայակոչել, բայց որ այժմեական է, անվիճելի է։
Տեղավորվելով այս տրամաբանության մեջ, մենք ամեն օր տեսնում-վերապրում ենք անցյալն ու ներկան, հին ու նոր գործեր` ձգձգվող, անվերջանալի վերջաբաններով գործընթացներ, որոնց բաժին մեղքը սլաքվում է իրավական դաշտ։ Եվ ինչպես հին ու նոր իշխանությունների ներսում, այստեղ ևս` դատական համակարգում, քիչ չեն նմանություններն ու տարբերությունները։ Գործի բերումով, որ հաճախ առնչվել եմ իրավական ոլորտի հետ, ներկա գտնվել դատական բազում նիստերի, իմ սուբյեկտիվ կարծիքով արդարադատությունն այսօր ամենևին էլ ցածր մակարդակի վրա չէ, իշխողը անաչառությունն է, դատարանների ազատության աստիճանը, չկաշկանդվածությունը` չհաշված առանձին մարդկային գործոնով պայմանավորված մասնավոր դեպքերը։ Հանրությունը մեկ-մեկ գիտի ու այսօր էլ տեսնում է թե՛ իշխանությանը ծառայություն մատուցող դատավորներին, թե՛ համակարգի հեղինակության համար պայքարողներին։
Եթե դատավորի քթի վիրահատության (գուցե անհարկի) պատճառով մեկ ամսից ավելի նիստեր չեն կայանում, երբ անաշխատունակությունից օր առաջ, COVID-19-ով պայմանավորված, օրախնդիր է եղել ռիսկային խմբում գտնվող հանրապետության 2-րդ նախագահի կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդությունը, ու երբ Աննա Դանիբեկյանին փոխարինվող չի գտնվում կամ ինչ-ինչ պատճառներով չկա ցանկություն, այդ դեպքում ինչպե՞ս արժանահավատ համարես կառավարության որդեգրած բարեփոխումները։ Եվ ինչպե՞ս չհավատաս նույն կետի հետ համաձայնեցված ԲԴԽ-ի լռությանը։ ՈՒ ոչ միայն նրա։
Ավելին, բացառված չէ, որ եթե մոտ ապագայում հայտնվի մի դրածո և վաղը ցանկություն հայտնի ձախ ոտնաթաթի բութ մատի եղունգը բժշկական միջամտությամբ մի փոքր կարճացնելու ու նիստը հետաձգվի ևս մեկ ամսով, կարծում եմ, ամեն ինչ էլ ավելի պարզ կդառնա։ ՈՒ կդառնա պարզ, որ ոչինչ էլ պարզ չէ, ինչպես ռադիոտան վրա գրոհը, ինչպես մարտի 1-ի գործի ամբողջությամբ բացահայտված լինելը... Այս ամենի նկատմամբ իմքայլականները գրպանում պահած «մշտական» ունեն. «Մեզ ժողովուրդն է քվե տվել և մենք, որպես լեգիտիմ իշխանություն, պարտավոր ենք հատ-հատ կատարել նախընտրական ծրագրերը», որ հնչել են հրապարակներում, փողոցներում, միտինգներին։
Ժամանակն անցել է այդ ժամանակներից, և ժամանակն է դատաիրավական համակարգում բարեփոխումներն իրականացնելու օրենքի տառին համահունչ, ոչ թե օրենքը շրջանցել կամ ծառայեցնել սեփական ցանկություններին։ Ինչպես առաջ էր. Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին կադաստրի պետ նշանակելուց շաբաթներ անց վերևներում նկատեցին, որ թույլ են տվել օրենքի խախտում` կապված տարիքի հետ։ Եվ որպեսզի խոսք ու զրույցի թեմա չդառնա, իշխող քաղաքական ուժը ԱԺ-ում անմիջապես շտկեց պաշտոնի տարիքային ցենզը` Զախարյանի սրտով։
Ներկայիս և նախորդ իշխանությունները քիչ ընդհանրություններ չունեն` մանավանդ «դուխի» հարցում։ Իմքայլականների ասելով` սերժաքոչարյանականները երկիրը թալանել են, անօրեն հարստացել, իսկ վերջիններս և բնակչության զգալի մասն իրավացիորեն հավասարեցման նշան են դնում. արդյո՞ք ներկայիս պաշտոնյաների ստացած 27 միլիարդի պարգևավճարներն օրինական ռեկետ չեն։
Չէի ասի, թե հիմա քիչ դեր է խաղում խնամի-ծանոթ, ընկեր-բարեկամ, կուսակից-համակիր լինելու հանգամանքը, նվազել են քծնանքը, պոպուլիզմն ու ստախոսությունը։ Ճիշտ հակառակը։ Քայլականների միջանձնային կապերը այնքա՜ն են «եռակցվել», որ օրենքի պահանջը հաճախ աղբանոց է նետվում, երբ այն առնչվում է դատարաններում մերժված իրենց սպասում-ցանկությունների հետ։ Այստեղից էլ` ժողովրդի անունից հանրությանը նետվող դատաիրավական համակարգի մասին իրենց իսկ երկնած անվստահությունը։ Բերվելիք օրինակներս, որտեղ իշխանության դրածո, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ կամ համակիր, կառավարության առաջին «էշելոնում» թիկունք ունեցող և նրանց հեղափոխական շունչը տարածող մեծ ու փոքր կազմակերպությունների տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարների գործելակերպը դրա վկայությունն են։ Նույն «մկրատով կտրված» նոր Հայաստանի այս հպարտ, ազատ և ինքնագոհ գործատուները օպտիմալացման քողի տակ կադրային կրճատումներ են կատարել` անգրագետ հրամաններով աշխատանքից ազատել իրենց համար անցանկալի, բայց պրոֆեսիոնալ մարդկանց։ Արդյունքում` ոչ արդյունավետ են դարձել աշխատանքի կազմակերպումը, ոչ էլ ֆինանսապես շահել։ Շահել են անձնապես` փորձառուների փոխարեն իրենց թիկունքն ամրապնդել ընկեր-բարեկամներով` հաճախ օրենքի խախտումներով։
...Հաշվեցի՜, հաշվեցի՜ ու... հաշիվս չկորցրի դատարաններում հայտնված այն գործատուների, որոնց համար խոսք կա ասված. «Չեն տեսել պատից կախ, տեսել են ճակտից կախ»։
1. ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը «քաղցր» հարաբերություններ չունենալով մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիանա Հարությունյանի հետ, սկզբում զրոյացրել է դասաժամկետը, այնուհետև պաշտոնազրկել։ Հարգանք վայելող դասախոսը մարզպետից և մայր բուհի ռեկտորից գործնական միջամտություն չստանալուց հետո շարժվել է օրենքով։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարել է Լիանա Հարությունյանի հայցը` «վերականգնել աշխատանքում և վճարել ամբողջ հարկադիր պարապուրդի դիմաց»։
2. Ազգային գրադարանում 3 ամիս բաժնի վարիչ աշխատած Հրաչ Սարիբեկյանը տնօրենի ժ/պ կարգվելուց հետո կադրային ջարդ է սկսել։ Առաջին և ամենամեծ վտանգը նախանշելով, լուծել է տնտեսական գծով տեղակալ Ռազմիկ Առաքելյանի աշխատանքային պայմանագիրը։ Այնուհետև նույն բախտին արժանացրել պատերազմական տարիներին իր նվիրումն ու առողջությունը տված (2-րդ կարգի հաշմանդամ) պարետ Սաշա Ալթունյանին։ Երկուսին էլ անչափ ծանր հոդվածով։ Բայց հաղթանակել է ճշմարտությունը` դատարանը ի չիք է համարել ժ/պ-ի հրամանները։
Գործընկերների ճանապարհն ընտրած աշխատակազմի ղեկավար, կազմակերպության արհկոմի նախագահ Սրբուհի Կիզիրյանը սպասման մեջ է` զուտ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Արդարության վերականգնումը հօգուտ հայցվորի ավելի արագ և հեշտ է տրվելու, քանի որ գործատուի արարքը շա՜տ զավեշտական է և հակաօրինական։ Իսկ գիտական գծով տնօրենի տեղակալ Հասմիկ Ղազարյանը սառնասրտորեն տանելով Հրաչ Սարիբեկյանի բարոյահոգեբանական ճնշումները, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սխալ է հանել այլ հարթությունում։
3. Սունդուկյանցիների հետ իր հարաբերությունները Վարդան Մկրտչյանը սկսել է պարզել տնօրենի ժ/պ նշանակվելուց 2-3 ամիս հետո։ Թիրախավորելով մի քանի անցանկալիների, երբեմն հաջողել է ճկունալեզվի հաշվին սուս-փուս հարցեր լուծել։ Իսկ նրանք, ովքեր որոշել են ամեն գնով իրենց իրավունքները պաշտպանել, դիմել են դատարան։
Ամենակուռ թիկունք ունեցող և իշխանությունների սիրելին դառնալու բանաձևերին տիրապետող Մկրտչյան Վարդանի արձակած հրամանները` ռեժիսոր Տիգրան Գասպարյանին, դերասանուհի Էռնա Ավետիսյանին, անձնակազմի կառավարման բաժնի պետ Վահե Մովսիսյանին ազատելու մասին, ճանաչվել են անվավեր` միաժամանակ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումարի բռնագանձումը ՊՈԱԿ-ից։
Սրանից-նրանից ազատվելու մարմաջը եսակենտրոն Վարդան Մկրտչյանին այնքան է կուրացրել, որ նա չի կարևորում իրեն ներկայացվող դիմումի բովանդակությունը։ Օրինակ այս մեկը. «Հաշվի առնելով Ձեր անհիմն դիտողությունները և անձիս հանդեպ լարված տրամադրվածությունը, չեմ կարող աշխատել բանսարկու, ստախոս տնօրենի հետ»։
...Հաշվեցի՜, հաշվեցի՜ ու դարձյալ հաշիվս չկորցրի նրանց հարցում, ովքեր պարտություն կրելով դատարաններում, քմայքորեն չեն ենթարկվում օրենքի պահանջին։ Ինչը նշանակում է` թքա՛ծ «Օրենքի առաջ բոլորն են հավասար» վարչապետի կարգախոսին։ Մեր խառնիխուռն օրերում դա իրենց կարող են թույլ տալ միայն իմքայլական պաշտոնյաները, տարբեր տրամաչափի իշխանիկների հետ սերտ կապեր հաստատած և սերտաճող «հեղափոխականները», իշխող քաղաքական ուժին հաշվենկատորեն ծառայող «ազատ, անկախ և հպարտ» քաղաքացիները։ Մեզ արդեն հայտնի զոռբաների թվում են ՊՈԱԿ-ի տնօրեններ... մարզպետից մինչև նախարար։ Ահա նրանցից մի քանիսը, որոնք վաստակել են իրավունք նոր էջ ավելացնելու իրենց «ստվարածավալ» կենսագրությունում։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց դա կայացած փաստ է.
1. Դատական 3 ատյաններում կայացած նույն վճիռը չի հետաքրքրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Ի կատարումն կատարողական թերթի, ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հասցեագրած պատասխան նամակում մայր թատրոնի տնօրենը նշում է. «Թատրոնից անկախ պատճառներով Վճռի համապատասխան պահանջը` Վ. Մովսիսյանին նախկին աշխատանքում վերականգնելու մասին, կատարելն անհնար է, քանի որ մշակույթի նախարարի կողմից հաստատված Կազմակերպության կառուցվածքով տվյալ Հաստիքը կրճատվել է», ասես ինքն անշա՜ռ, անբասի՜ր և կրճատման հետ կապ չունեցող այլմոլորակային է։ Հավելենք, որ գործատուն նման քայլի դիմել է կանխամտածված, դատական 3-րդ փուլին ընդառաջ, գաղտագողի, մեկ տարվա ընթացքում ոչ աշխատողին և ոչ էլ դատարանին այդ մասին չտեղեկացնելով։ Մինչդեռ պաշտոնական անձանց կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար (հոդված 353) օրենքով նախատեսված է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանք` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը 2 տարի ժամկետով։
2. Ստեփանավանի թիվ 3 դպրոցի նախկին տնօրեն Նառա Մկրտչյանը համառ պայքարից հետո շահել է դատը. անվավեր է ճանաչվել մարզպետի` աշխատանքային պայմանագիրը լուծելու որոշումը։ Ինչը նշանակում է հայցվորին վերականգնել զբաղեցրած պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի աշխատավարձը։ Նառա Մկրտչյանն աշխատանքից ազատվելուց հետո 2 անգամ մասնակցել և նույնքան էլ հաղթող է ճանաչվել տնօրենի պաշտոնի համար մրցույթին։ ՈՒ 2 օր անց, դարձյալ զոռբայություն. Լոռվա մարզպետը կրկին ազատման հրաման է տվել` «բախտի անիվը» հետ պտտել դեպի դատարան։
3. Մեկուսացման պայմաններում, ոչ պակաս ուշագրավ մերժումի հայտ է արձանագրել առողջապահության նախարարը, այն դեպքում, երբ դատարանի կայացրած վճռի կատարումը առանձնապես մի մեծ բան չէ` հրապարակային ներողություն խնդրել իր կոլեգա հայցվորից։ Ի տարբերություն որոշ կամակոր «հնարամտությունների», Արսեն Թորոսյանը հարգանքի է արժանի. մարդն առանց պատեպատ ընկնելու, երկու ոտքը մի մաշիկի մեջ դրած, տղամարդավարի հայտարարեց. «Նաջարյանի ասածն ինձ համար...» օրենք չէ։
Հաթաթան հրապարակային էր, հեռուստատեսությամբ։ Հիմա թող հայցվորն ու Նաջարյանը մտածեն։ Ո՞րն է նրանց հաջորդ քայլը։ Կհամարձակվե՞ն։ Իմա՞ստը։ Երբ իմքայլական պաշտոնյաները «ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, գաղափարական հորն են սիրում»։ Իսկ սերը հաղթող է, արդարադատությունը` հոգեվարքվող։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ. Այսօր, երբ աշխարհը COVID-19-ի խոցվածությունից բռունցքված, ուղիներ է գտնում թագավարակի ճիրաններից մարդկային կյանքեր փրկելու, տնտեսության զարկերակը չկորցնելու, մեր փոքրիկ երկիրը` նույնպես մեծ-մեծ խնդիրների առաջ, ձեռնարկել է 14 միջոցառումները` առանցքում ունենալով մարդկային ռեսուրսը։ Սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակներին, օրավարձով աշխատողներին... ինչ-որ ժամանակահատվածում աշխատատեղերը կորցրածներին տրամադրում են ֆինանսական աջակցություն` օրվա հացի խնդիրը լուծելու։ Նոր աշխատատեղեր ստեղծելուն միտված ձեռնարկումներին զուգահեռ, հայտնվում են հին ու նոր գործատուներ ականջալուր վարչապետին` իրենք իրենց ներսում փոխվա՜ծ, բարեփոխվա՜ծ, և իբրև հավաստում նվիրվածության, աջ ու ձախ չարդարացվող «օպտիմալացումներ» են իրականացնում` զորացնելով գործազուրկների բանակը։
Երեկ տեղեկացանք, որ այդպիսի պատեհապաշտներից մեկը` «Կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ստաժավոր ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը համառորեն հետ կանգնելու մտադրություն չունի. ծանուցումները հասցեագրված են, իսկ աշխատանքից ազատման հրամանները կտրվեն առաջիկա մեկ-երկու օրում։ Որոշման հետ անհամաձայնության դրսևորողների խումբը, որի շնորհիվ Շուշանիկ Միրզախանյանը հայտնի է դարձել որպես պետական միջոցները տուրիստական այցերի վրա «գոլորշացնող» և միջազգային փառատոնին խոր քուն մտնող, նախապատրաստվում է ժ/պ-ի հրամանները վիճարկելու դատարանում։
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ